Наверх

Հայ |  Рус |  Eng

08.08.2014

Նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրեց կատարված աշխատանքներն ու իրականացվելիք ծրագրերը

Օգոստոսի 8-ին, Երևանի ՋԷԿ-ում, տեղի ունեցավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի մամլո ասուլիսը: Ոլորտի աշխատանքները ներկայացնելուց առաջ նախարարը լրագրողների հետ շրջայց կատարեց ՋԷԿ-ում, ծանոթացավ ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի աշխատանքների ընթացքին ՝ հիմնանորոգումից հետո:

erjek11_small

 

Լրագրողների հարցերին պատասխանելուց առաջ նախարար Երվանդ Զախարյանը անդրադարձավ վերջին տարիներին էներգետիկայի բնագավառում կատարված ներդրումային ծրագրերին, մասնավորապես՝

 

-ՍԿԱԴԱ կառավարման և կապի համակարգի ներդրման ծրագրին

 

-Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ծրագրին

 

-Իրան-Հայաստան գազատարի կառուցման ծրագրին

 

-Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի, ինչպես նաև մի շարք այլ ծրագրերի:

 

Նախարար Երվանդ Զախարյանի խոսքով այդ ծրագրերը ապահովել են Հանրապետության տնտեսության անխափան էներգամատակարումը:

 

Նախարարը ներկայացրեց նաև էներգետիկայի և բնական պաշարների ոլորտների 2014 թվականի  առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները, ներկա վիճակի վերլուծությունն ու իրականցվելիք ծրագրերը:

 

Նախարարն առաջին հերթին խոսեց էներգետիկայի ոլորտի հիմնական ցուցանիշների մասին և նշեց, որ 2014թ-ի հունվար-հունիս ամիսներին արտադրվել է  3,74 մլրդ. կվտժ էլեկտրաէներգիա, ինչը 2013թ-ի նկատմամբ (3.86 մլրդ. կվտժ) նվազել է 3.25%-ով: Բացառությամբ ջերմային էլեկտրակայանների՝ որտեղ տեղի է ունեցել արտադրանքի ծավալի աճ 0.87 %-ով, մնացած կայաններում գրանցվել է արտադրանքի ծավալի նվազում: Մասնավորապես՝ ատոմային էլեկտրակայանում 3.25 %, իսկ հիդրավլիկական կայաններում՝ 7.74 %: Վերջինս ջրի սակավության արդյունք է:

 

Երվանդ Զախարյանի խոսքով էլեկտրական էներգիայի սպառման ոլորտում (ըստ տնտեսությսն ճյուղերի) համամասնությունը 2014թ-ին  2013թ-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ գրեթե չի փոխվել: Սպառման աճ Է գրանցվել բնակչության մոտ՝ 1.45%, բյուջետային կազմակերպություններում՝ 2.26%-ով, ոռոգման համակարգում՝ 19.48%, սպառումը նվազել է արդյունաբերությունում՝ 1.17%, խմելու ջրի համակարգում՝ 4.99%, տրանսպորտում՝ 6.01% և այլ սպառողների մոտ՝ 5.25%: Հանրապետության ներքին սպառումը 2014թ-ին առաջին կիսամյակում՝ 2013թ-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.0%-ով:

 

Նախարարը ներկայացրեց նաև բնական գազի ներկրման վիճակագրությունը, որի համաձայն 2013թ-ի առաջին կիսամյակում ներկրումը կազմել է 1,17 մլրդ մ(որից 218 մլն մ3 Իրանից), իսկ 2014թ-ին այն կազմել է  1,18 մլրդ մ3 (որից 196 մլն. մ3Իրանից): Փաստացի ներկրվող գազի ծավալները 2014 թվականին առաջին կիսամյակում  2013 թվականի առաջին կիսամյակի  նկատմամբ աճել է 1.4%-ով,  ընդ որում աճը գրանցվել է էներգետիկայում՝ 14.6% , ԱԳԼՃԿ-ում՝ 6.3 %  և տարբեր սպառողների մոտ՝ 4.2 %: Բնական գազի սպառման ծավալները կրճատվել են արդյունաբերությունում՝ 17.4 %, բնակչության մոտ՝ 1.9 %:

 

Նախարար Երվանդ Զախարյանը անդրադարձավ նաև էներգահամակարգի ֆինանսական վիճակին: Նրա խոսքով արդեն իսկ կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են այն հիմնական խնդիրները, որոնց հետևանքով համակարգը հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում: Դրանցից նախարարն առանձնացրեց`  2012-2013, 2013-2014թվականների մարժային տարիներին ոչ իրատեսական էներգահաշվեկշռը, ՀԱԷԿ-ի լրացուցիչ կանգառը, ջրի սակավությամբ պայմանավորված  ՀԷԿ-երում թերի արտադրված էլեկտրաէներգիայի հետևանքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում առաջացած ֆինանսական ճեղքվածքը` շուրջ 27,6 մլրդ դրամ: Նախարարը նշեց նաև, որ համակարգի ընկերություններին անհրաժեշտ շահագործման ծախսերը, վերանորոգման աշխատանքները և մի շարք վարկերի (այդ թվում նաև` բյուջետային) սպասարկումը բավարար չափով արտացոլված չեն եղել հաստատված (գործող) սակագներում: Դրանից բացի սեփական կարիքների բավականին մեծ թերֆինանսավորման պայմաններում՝ համակարգից փոխառությունների տեսքով զգալի ֆինանսական միջոցներ՝ մոտ 21 մլրդ. դրամ, հատկացվել են  «Նաիրիտ Գործարան» և «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ներին՝ աշխատավարձերի վճարման նպատակով:

 

Արդյունքում 01.05.2014թ. դրությամբ համակարգի միայն պետական ընկերություններում առկա են 136,94 մլրդ դրամի վարկային պարտավորություններ, որից` 129,15 մլրդ դրամը երկարաժամկետ բյուջետային վարկերն են («Երևանի ՋԷԿ» ՓԲԸ` 102,2 մլրդ դրամ, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ` 25,25 մլրդ դրամ), իսկ 7,8 մլրդ դրամը` տեղական բանկերից ստացված կարճաժամկետ վարկերն են: Մնացած առևտրային կրեդիտորական պարտավորությունները կազմել են 21,0 մլրդ դրամ, որից` 19,2 մլրդ դրամ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին: Դեբիտորական պարտքերը կազմել են 35,0 մլրդ դրամ: Տարվա կտրվածքով համակարգի ձեռնարկությունների վնասը կազմել է շուրջ 10,4 մլրդ. դրամ:

 

Նախարարը նշեց նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում կուտակված             94,0 մլրդ դրամ վարկային պարտավորությունները (որից` 60,5 մլրդ դրամը երկարաժամկետ), որոնց սպասարկման ծախսերը լուրջ ազդեցություն են ունենում արտադրող կայաններին վճարումները ժամանակին կատարելու վրա:

 

Երվանդ Զախարյանի հավաստմամբ համակարգում չվճարված հարկային պարտավորություններ և աշխատավարձեր չկան:

 

Երվանդ Զախարյանը անդրադարձավ նաև սակագների խնդրին: Նրա խոսքով  էլեկտրաէներգետիկ համակարգի ընկերությունների ծախսերի ուսումնասիրությունը ցույց  տվեց, որ ընկերությունները ունեն շուրջ 17,9 մլրդ դրամ լրացուցիչ ծախսեր, որոնք ներառված չէին գործող սակագներում: Ուստի անհրաժեշտություն առաջացավ վերանայել էլեկտրական էներգիայի սակագները և դրա արդյունքում վերջնական սակագինը, 2014թ օգոստոսի 1-ից, բարձրացավ 3,85 դրամ/կՎտժ-ով: Հիմնականում գործող սակագները չեն արտացոլում ընկերությունների անհրաժեշտ ծախսերն՝ ուղղված շահագործմանը և անվտանգությանը նպաստող միջոցառումներին: Մի ընկերությունում պլանավորվում է ամորտիզացիա և շահույթ, այն դեպքում, երբ մյուս ընկերություններում դրանք չեն նախատեսվում: Արդյունքում որոշներն աշխատում են գերշահույթով, մյուսները՝ չհիմնավորված վնասներով: Ընկերությունները պետք է ունենան անհրաժեշտ ֆինանսական միջոցներ` իրենց անվտանգ գործունեությունն ապահովելու համար և կրեն պատասխանատվություն  շահութաբեր տնտեսական արդյունքների համար, ինչը կնպաստի նաև հարկային մուտքերի ավելացմանը:

 

-Մենք ունենք մեր մոտեցումները` հիմնված միջազգային փորձի վրա և կարծում ենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ դրանք կքննարկենք և կգտնենք համատեղ լուծումներ,- նշեց Երվանդ Զախարյանը:

 

Էներգահամակարգի կարևորագույն խնդիրը՝ նախարարը համարեց անվտանգության մակարդակի բարձրացումն ու ապահովումը: Այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված են լուրջ քայլեր: Մասնավորապես՝ ՀՀ Նախագահի 2013 թ. հոկտեմբերի 23-ին կարգադրությամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը, որի հիման վրա կառավարությունը հաստատել է  հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող՝ 2014-2020 թթ. միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: Միջոցառումները ներառում են՝ արտաքին և ներքին սպառնալիքները չեզոքացնելուն ուղղված ծրագրերը, արտակարգ և անհաղթահարելի ուժի առկայության պայմաններում էլեկտրաէներգիայի և գազի սպառման քվոտաների սահմանումը, գործող ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման խնդիրները: Ծրագրում առանձնահատուկ տեղ են գտել վերականգնվող էներգետիկայի զարգացման խնդիրները և էներգախնայողության միջոցառումների ներդրման հարցերը՝ տնտեսության տարբեր ոլորտներում:

 

-Նախատեսվում է հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականը, իսկ մինչ այդ ժամանակը սկսել և ավարտել միջուկային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները,- ասաց Երվանդ Զախարյանը:

 

Նախարարը տեղեկացրեց նաև, որ 2018-2019 թվականներին Երևանի ՋԷԿ-ի տարածքում նախատեսվում է կառուցել նոր, արդիական էներգաբլոկ՝ 250-450 Մվտ հզորությամբ: Անհրաժեշտ է կողմնորոշվել նաև Երևանի ՋԷԿ-ի հին էներգաբլոկի ապագա ճակատագրի հարցում:

 

Նախարար Երվանդ Զախարյանը մանրամասն անդրադարձավ նաև ընդերքօգտագործման ոլորտին և նշեց, որ կատարվել են առկա իրավիճակի ծավալուն ուսումնասիրություններ, որոնց արդյունքում՝ անհրաժեշտությունից ելնելով նախապատրաստվել են Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի և այլ նորմատիվ-իրավական ակտերում  անհրաժեշտ փոփոխություններ:

 

Նախկինում և առ այսօր Ընդերքի տրամադրման գործընթացում օգտվում էին պայմանական կոորդինադային համակարգից, որը հանգեցրել է ընդերքօգտագործման ոլորտում լուրջ խնդիրների և անհամապա­տասխանությունների:

 

Դրանց շտկման նպատակով ՀՀ տարածքի 1:10000 տոպոգրաֆիական և կա­դաստրային քարտեզների էլեկտրոնային տարբերակները ներկայումս համադրվում են՝ ընդերքօգտագործողներին կոորդինատները <WGS-84> համաշխարհային աշխարհագրական կոորդինատային համակարգով տրամադրելու նպատակով:

 

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ոլորտում բացահայտվել են մի շարք թերություններ և բացթողումներ, թե երկրաբանական հետազոտություններ իրականացնող ընկերությունների մոտ, թե օգտակար հանածոներ արդյունահանող ընկերությունների մոտ: Նախարարի խոսքով իրավիճակի շտկման համար անհրաժեշտ է անպայման ստուգել և չափագրել բոլոր ընդերքօգտագործողների կողմից կատարվող աշխատանքները:

 

Ներկայումս նախատեսվում է պատրաստել աշխատանքային ծրագիր, այդ թվում նաև՝ աշխատանքների հաշվառման և կառավարման ավտոմատ համակարգի ներդրման,  ընդերքի ոլորտի կառավարման համակարգի և կադրային հարցերի վերանայմամբ:

 

Նախատեսվում է նաև իրականացնել <Հանրապետական երկրաբանական ֆոնդ> ՊՈԱԿ-ում առկա ֆոնդային նյութերն ամբողջությամբ թվայնացնելու և ինտերնետային կայքում տեղադրելու գործընթաց՝ այդ նյութը լայն հասարակայնության համար առավել հասանելի դարձնելու նպատակով:

 

Նախարարի խոսքով, ինչպես ընդերքի ոլորտում, այնպես էլ էներգետիկայի ամբողջ համակարգում ունենք ֆինանսատնտեսական գործունեության կառավարման բարելավման խնդիր: