Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

էներգետիկա » Արևային էներգետիկա

ԱրԵՎային էներգետիկա

ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

 

Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է  տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով):

 

Արևային ջերմային էներգիան

 

  Հայաստանում արտադրվում են արևային ջերմային կոլեկտորներ (ջրատաքացուցիչներ) 1.38-4.12 մ2 ստանդարտ չափերով: Ջրատաքացուցչի  2.75 մ2 տարբերակը օրական արտադրում է 120-160 լ տաք ջուր:

Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղադրված են հովացման և օդափոխման արևային համակարգեր, որոնց հզորությունը կազմում է 50 կՎտ, իսկ ֆոտոէլեկտրական մասի հզորությունը, որն ապահովում է ամբողջ համակարգի անխափան աշխատանքը, 5 կՎտ:

Իրականացվել են արևային ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներ բազմաթիվ բնակավայրերի, մանկապարտեզների, տների,  բժշկական կենտրոնների տանիքներում` տարբեր կազմակերպությունների կողմից:

 

Արևային ֆոտովոլտային մոդուլներ

 

          Առ այսօր Հայաստանում տեղադրվել են տարբեր փոքր հզորությամբ ցուցադրական ֆոտովոլտային մոդուլներ:

Երևանի Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում (մամոգրաֆիայի ինստիտուտում) տանիքի վրա տեղադրվել են Գերմանիայի և ԱՄՆ-ի տեխնոլոգիաներով պատրաստված պոլիմերային ֆոտոէլեկտրական փոխակերպիչներ, որոնց ընդհանուր  մակերեսը կազմում է 200 մ2, հզորությունը ` 9.8 կՎտ:

          Արևային էներգիայի զարգացման խթանման նպատակով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Համաշխարհային բանկի և Համաշխարհային բնապահպանական հաստատության դրամաշնորհի օժանդակությամբ իրականացրել են <Հայաստանում արդի արեգակնային ՖՎ էներգետիկայի զարգացման օժանդակում> ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է Ֆոտոէլեկրական արդյունաբերության ներուժի զարգացման հնարավորությունները Հայաստանում:

          Կլիմայի ներդրումային հիմնադրամների «Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի» (Program for Scaling up Renewable Energy Program/SREP (Ծրագիր)) շրջանակներում մշակվել է Վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագիր, որի համաձայն Ծրագրի համապատասխան միջոցները տրամադրվում են արևային տեխնոլոգիաների կիրառմամբ գումարային մոտ 110 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ կառուցելու նպատակով:

Ամփոփելով օրենսդրական ակտերը՝ անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված են բազմաթիվ մեխանիզմներ խթանելու վերականգնվող էներգետիկ աղբյուրների օգտագործումը՝ օրինակ.

            2001 թվականի մարտի 7-ին ընդունված «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի համաձայն` տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից և էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրակայանների կողմից քսան տարվա ընթացքում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով:

            Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ տարածքում վերականգնվող էներգետիկ աղբյուրների կիրառմամբ արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկման մեթոդիկան, ըստ որի տարեկան կտրվածքով սահմանվում է սակագին նաև արևային էներգետիկայի համար: Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 25-ի թիվ 128-Ն որոշման արևային էներգետիկայի սակագինը 2016 թվականի հուլիսի 1-ից մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը կազմում է 42,645 դրամ առանց ԱԱՀ: Վերոնշյալ մեթոդիկայի համաձայն յուրաքանչյուր տարեվերջին ինդեքսավորվում է արևային էներգետիկայի սակագինը՝ կախված դոլարի համեմատ ՀՀ դրամի տատանումներից որոշակի ժամանակահատվածի համար և կախված Հայաստանում սպառողական գների փոփոխությունից: Այդ սակագինը սահմանվում և վերանայվում է ըստ հանձաժողովի կողմից 2015 թվականի ապրիլի 22-ի թիվ 88-Ն որոշմամբ ընդունված հստակ մեթոդիկայի: