Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Ծրագրեր - Ներդրումային ծրագրեր - Երկրաջերմային էներգետիկա

Երկրաջերմային էներգետիկա

Երկրաջերմային էլեկտրակայան կառուցելու համար սկսվել են աշխատանքներ երկրաջերմային էներգիայի աղբյուրների ճշգրիտ տեղանքների հայտնաբերման նպատակով: Այդ տեղանքներից մեկը Ջերմաղբյուրն է, որի երկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ մոտ 2500-3000 մետր խորության վրա առկա են բարձր ճնշմամբ (20-25 մթն. ճնշ.) տաք ջրի (մինչև 250օC) պաշարներ:  Այդ տվյալների հաստատման դեպքում նշված տեղանքում հնարավոր կլինի կառուցել Հայաստանում առաջին մոտ 25 ՄՎտ հզորությամբ երկրաջերմաէլեկտրակայանը:

 Ջերմաղբյուրի երկրաջերմաէլեկտրակայանի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը բեռնել այստեղ՝(անգլերեն տարբերակ):

     Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի համատեղ ֆինանսական միջոցների շրջանակներում «Գռիձոր» և «Կարկառ» կոչվող երկու երկրաջերմային հարթակներում ավարտվել են համապատասխան երկրաֆիզիկական հետազոտությունները: Կլիմայի ներդրումային հիմնադրամների «Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի» (Program for Scaling up Renewable Energy Program /SREP) շրջանակներում հաստատվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագիրը, որի համաձայն  2016 թվականին իրականացվել են «Կարկառ» կոչվող երկրաջերմային հարթակում երկրաբանական հորատման աշխատանքները: Փորձարկումների և համապատասխան չափումների արդյունքները կհրապարակվեն 2018 թվականին:

 

     ԿԱՐԿԱՌ

 

2015թ. հուլիսի 21-ին ՀՀ Նախագահի N ՆՀ-467-Ն հրամանագրով վավերացված Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող երկրաջերմային հետախուզական հորատման /դրամաշնորհ թիվ TFOA0544/ ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում՝ Սյունիքի մարզի Կարկառ կոչվող տեղանքում կառուցել երկրաջերմային էլեկտրակայան: Իսլանդական «Վերկիս» կազմակերպության կողմից պատրաստվել է «Կարկառ երկրաջերմային էլեկտրակայանի նախնական ինքնարժեքի հաշվարկը» հաշվետվությունը և 2 նեղ հորատանցքերի փորձարկման արդյունքները։

Հաշվետվությունները կարող եք բեռնել այստեղ:

Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի շրջանակներում Կարկառ երկրաջերմային տարածքում երկրաջերմային /Օրգանական Ռանկինի ցիկլով աշխատող/ էլեկտրակայան կառուցելու համար նախատեսված է որոնել միջազգային փորձառությամբ ներդրող կազմակերպություններ։ Հորատանցքերի փորձարկման հաշվետվություններն առանձին-առանձին և հորատանցքերի ավարտական հաշվետվությունն էլեկտրոնային եղանակով ուղարկվել են ավելի քան 50 խոշոր միջազգային ներդրող կազմակերպությունների։

Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ՀՀ-ում երկրաջերմային էլեկտրակայանների կառուցման ծրագրերի փաթեթային լուծման համար՝ «Ջերմաղբյուր» և «Կարկառ» տեղանքների համար մեկ միասնական ներդրողի ներգրավմամբ: