Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Բնական պաշարներ - Ընդհանուր տեղեկություններ

Ընդհանուր տեղեկություններ

Ընդհանուր տեղեկություններ 

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը ազգային տնտեսության մեջ ունի   առանցքային մասնաբաժին: Հայաստանից արտահանվող նյութերի առնվազն կեսը բաժին է ընկնում հանքային խտանյութերին և մետաղներին, որոնք երկրից արտահանվող արտադրանքների ցուցակում առավել կարևոր տեղ են զբաղեցնում:        

  Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը` այդ թվում` 22 մետաղական:                                                                 

   Հայաստանի Հանրապետության ընդերքը հարուստ է հետևյալ մետաղական օգտակար հանածոների տեսակներով` երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ծարիր, ալյումին ինչպես նաև նրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով:                                                                                                         

  Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են  7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու և ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային և 1 ալյումինահանքային հանքավայր: Պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերի հանքաքարերում բացի հիմնական մետաղներից բացահայտված է հազվադեպ և ցրված տարրերի առկայություն` ռենիում, սելեն, թելուր, կադմիում, ինդիմում, հելիում, թալիում, բիսմութ և այլն:                                                                                                                                              

   Բացի գնահատված և Պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերից, Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված են տարբեր մետաղների 115 երևակումներ:                                                                                                                 

   Ներկայումս Հայաստանի լեռնամետալուրգիական համալիրի համար վերջնական արտադրանք են հանդիսանում հիմնականում խտանյութերը (պղնձի, մոլիբդենի, ցինկի, որոշ դեպքերում` ոսկու և արծաթի բարձր պարունակությամբ, մոտ հեռանկարում` նաև կապարի խտանյութեր), ինչը թույլ չի տալիս ամբողջովին օգտագործել հանքավայրի տնտեսական ներուժը: Հայաստանում արդյունահանվող մետաղական օգտակար հանածոների վերամշակման արտադրության կազմակերպումը փակ և ավարտուն ցիկլերով` հանույթից մինչև պատրաստի արտադրանքի ստեղծումը, հնարավորություն կտա բարձր արժողությամբ արտադրանքի ստացման, որն էլ  կապահովի  ՀՆԱ-ի  աճ: Հանրապետության տարածքում առկա են օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ընթացքում առաջացող թափոնների կուտակման 15 պոչամբարներ, որոնց ծավալները անցնում են մի քանի մլն. խոր. մ-ից և զբաղեցնում են մոտ 700 հա ընդհանուր մակերես: Ներկայումս պոչամբարներում կուտակված օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման արդյունքում առաջացած արտադրական թափոնները չեն օգտագործվում, չնայած դրանք պարունակում են մեծ քանակությամբ բազմամետաղներ:                                                                  

     Ոչ մետաղական հանքային պաշարների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում առաջատար տեղ է գրավում: Հանրապետության փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի համարյա բոլոր տեսակի հանքանյութային ապարները: Հատուկ  արժեք  ու նշանակություն են ներկայացնում  Հայաստանի տարածքում հրաբխային պրոցեսների արդյունքում առաջացած լեռնային  ապարները, որոնցից են  թեթև  ապարները` տուֆերը, պեռլիտները, պեմզաները, ցեոլիտները, հրաբխային խարամները և այլն: Տարատեսակ բազալտների, գրանիտների, նեֆելինային սիենիտների, մարմարների պաշարների ծավալները հսկայական են:                                                                                            

   Ամենաորակյալ և ամենաշատ փքվող լեռնային ապարների (պեռլիտներ, օբսիդիաններ և այլն) պաշարները աշխարհում գտնվում են Հայաստանում: Հայաստանում գտնվող Արագած-պեռլիտի հաստատագրված պաշարները կազմում են 150 մլն խոր. մ, իսկ կանխատեսվող պաշարների ընդհանուր քանակը հասնում է մինչև 3 մլրդ խոր.մ-ի: Հայաստանի ամբողջ տարածքով քարտեզագրված են 100-ից ավելի բազալտի, անդեզիտի հանքավայրեր, որոնցից մի քանիսը միակն են իրենց բաղադրությամբ (բազալտի Խալաջի հանքանյութի MgO –ի պարունակությունը հասնում է մինչև 11%): Իրենց նշանակությամբ և որակական ցուցանիշներով  անգնահատելի են Հայաստանի տարածքում գործող քվարցիտների, կարբոնատների, ցեոլիտների, հրաբխային խարամների և պեմզաների, կավերի, բենտոնիտների, դիատոմիտների, գիպսի հանքավայրերը`  մեծ պաշարներով: 

2012թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ Ընդերքի մասին նոր օրենսգիրքով ընդերքօգտագործման ոլորտում սահմանվել են մի շարք նոր  սկզբունքներ և մոտեցումներ, որոնք նախկին օրենսդրությամբ սահմանված չէին:            Մասնավորապես սահմանվել է ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունների ներկայացման պահանջ: Նախատեսվել է նաև  օգտակար հանածոների արդյունահանման հայտերի հետ միաժամանակ ներկայացնել նաև հանքի փակման նախնական ծրագիր:  

 

 

Ընդերքի ոլորտում առկա իրավիճակն ու կատարված աշխատանքները

(2015թ., 1-ին կիսամյակ) 

   Ներկայումս օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված է 503 թույլտվություն, այդ թվում՝ մետաղական օգտակար հանա­ծոների 27, ոչ մետաղական օգտակար հանածոների 450, հանքային ջրերի 26 թույլտվություն:Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված է ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների 88 թույլտվություն, այդ թվում՝ մետաղական երևակումների 63, ոչ մետաղական երևակումների 25 թույլտվություն: Տրված է նաև ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն 2 և նավթի ու գազի հայտնաբերման նպատակով երկրաբանական ուսումնասիրության  3 իրավունք:

  Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով ստացել է 45 հայտ, որոնցից 29 տնտեսվարող սուբյեկտներին տրվել է ընդերքօգտագործման իրավունք, 14-ը՝ փորձաքննության փուլում են, իսկ 2 հայտ մերժվել է՝ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու հիմքով: Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների իրավունք ստանալու նպատակով ստացել է 48 հայտ՝ որոնցից 19 տնտեսվարող սուբյեկտներին տրվել է ընդերքօգտագործման իրավունք, 10-ը՝ ընթացքի մեջ են, իսկ 19 հայտ մերժվել է օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու հիմքով: Մշակվել և ՀՀ ազգային անվտանգության խորհրդում ստեղծված հանձնաժողովին է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում օգտակար հանածոների կառավարման ազգային ռազմավարություն» նախագիծը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված իրավական ակտերի շրջանակներում մշակվել և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամաններով հաստատվել են ՀՀ կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ընդերքի մասին տեղեկատվության և հանքային հումքի տեսակների արտահանման լիցենզիաների տրամադրման կարգերը: Չնայած կատարված աշխատանքներին, ոլորտում դեռևս շարունակում են մնալ լուրջ թերություններ և բացթողումներ, որոնց վերացման նպատակով էլ իրականացվում են համապատասխան միջոցառումներ:

  Ոլորտում դեռևս լիովին ներդրված չէ Arm WGS-84 միասնական կոորդինատային համակարգը: Նախկինում ընդերքօգտագործման թույլտվությունները տրվում էին ինչպես CK-42 կոորդինատային համակարգով, այնպես էլ պայմանական կոորդինատներով, որի արդյունքում էլ շահագործվող հանքավայրերում և երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերում աշխատանքներն իրականացվում են տեղադիրքերի խախտումներով: Նշված թերությունը շտկելու նպատակով վերջին մեկ տարվա ընթացքում ուսումնասիրվել, AutoCat համակարգչային ծրագրով գծագրվել և փոխարինվել են երկրաբանական ուսումնասիրությանը տրամադրված 78 երևակումները և օգտակար հանածոների արդյունահանման իրավունքներով տրամադրված 290 հանքավայրերը /տեղամասերը/ բնութագրող  պայմանական և <CK-42> կոորդինատային համակարգի կոորդինատները՝ Arm WGS-84 կոորդինատային համակարգի կոորդինատներով:       Լուրջ բացթողումների շարքին կարելի է դասել նաև ստորերկրյա քաղցրահամ ջրերի ոչ արդյունավետ օգտագործումը, մասնավորապես՝ ձկնաբուծության մեծածավալ և ոչ պլանավորված զարգացումը, ինչը հանգեցրել է հիմնականում Արարատյան արտեզյան ավազանի ստորգետնյա քաղցրահամ ջրերի մակարդակի կտրուկ անկմանը: Այս հանգամանքը ստեղծել է լրացուցիչ խնդիր ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի հովացման համակարգի համար: Ոլորտում առկա բացթողումներից է նաև ընդերքօգտագործման և օգտակար հանածոների վերամշակման արդյունքում գոյացած բազմաթիվ լցակույտերի և պոչամբարների առկայությունը, որոնք մինչ օրս ուսումնասիրված չեն և դրանց տրված չեն համապատասխան գնահատականներ:  Խնդրի կարգավորման նպատակով ՀՀ կառավարության, «Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերության, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, VSEI ձեռնարկությունների խմբի և «ԱԼՅՈՏԻԳ» ՍՊԸ-ի միջև համատեղ կնքվել է «Մտադրությունների մասին» հուշագիր, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 16 հոկտեմբերի 2014թ-ի թիվ 43-24 արձանագրային որոշմամբ: Հուշագրի շրջանակներում ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից մշակվել է «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի  կողմից: Այն կնպաստի Հայաստանի Հանրապետությունում թե մեծածավալ ներդրումների իրականացմանը և թե էկոլոգիական մի շարք կարևորագույն խնդիրների լուծմանը.

-Նախատեսվում է կառուցել ֆաբրիկա, տարեկան 12,5 մլմ տոննա արտադողականությամբ:         

-Նախատեսվում են ներդրումներ ՀՀ տնտեսության մեջ (237 մլն ԱՄն դոլար)

-Նախատեսվում է զբաղվածության էական աճ (1000 մշտական և 500 ժամանակավոր աշխատատեղ)

Ժամանակակից պահանջները թելադրում են ունենալ թվայնացված, էլեկտրոնային տարբերակով և դրա հենքի վրա այլ մասնագիտացված քարտեզների ստեղծում: Այդ նպատակով նախատեսվում է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա ֆոնդային նյութերի ամբողջական թվայնացումից հետո ստեղծել հանքավայրերի ավտոմատ հաշվառման և կառավարման համակարգ:   2015թ. առաջին կիսամյակում Ընդերքի պետական տեսչության կողմից ստուգումներ են իրականացվել 78 (2014թ.-72) տնտեսվարող սուբյեկտների մոտ:   Ստուգումների արդյունքում կազմվել են նաև հայտնաբերված խախտումների վերաբերյալ ակտեր և արձանագրություններ, որոնց հիման վրա ընդերքօգտագործողների նկատմամբ կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ և հաշվետու ժամանակահատվածում պետբյուջե  մուտքագրվել է 4,850,000.0 (2014թ. 2,000,000.0)  ՀՀ դրամ գումար:  2015թ. առաջին կիսամյակում նկատվել է մետաղական օգտակար հանածոների հանքաքարի արդյունահանման ծավալների աճ, որը կազմել է 15,470,500.0 մ3, (2014թ.-12,830,000.0 մ3)- աճը՝ 20 տոկոս:

   Նույն ժամանակահատվածի համար ընդերքօգտագործողների կողմից վճարված ռոյալթիները կազմել են 8,679,229,100.0 դրամ (2014թ.-4,127,728,000.0 դրամ)-աճը՝ 25 տոկոս:

Առկա բացթողումները և օրենսդրական անհամապատասխանությունները շտկելու նպատակով մշակվել է «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է սահմանել նոր հասկացություններ և լրացնել դրույթներ, համաձայն որոնց՝

- պետական ծրագրերով կիրականացվեն որոշակի երկրաբանական աշխատանքներ, որի արդյունքում հայտնաբերված օգտակար հանածոների հեռանկարային տարածքները, նախկին ընդերքօգտագործման իրավունքի օբյեկտները և պետական սեփականություն հանդիսացող արտադրական լցակույտերը օգտագործման կտրամադրվեն մրցութային կարգով, - կսահմանվեն դեպքեր, երբ պետությունը նպատակահարմար չի գտնի ընդերքի որոշակի տեղամասերի տրամադրումը ընդերքօգտագործման համար, - ընդերքօգտագործման իրավունքի հայցման դիմումին կից ներկայացվող նախագծերը և ծրագրերը նախօրոք կուսումնասիրվեն Լիազոր մարմնի կողմից և հետո միայն կներկայացվեն համապատասխան փորձաքննությունների կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման: -կսահմանվեն դրույթներ օգտակար հանածոների արդյունահանման նպատակ չհետապնդող ընդերքօգտագործման ձևերի վերաբերյալ:

  Մշակվել են նաև «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նշված նախագծերի փաթեթները ներկայացվել են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակ և շահագրգիռ գերատեսչություններին` կարծիքի, որոնց կողմից ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները ներկայումս վերջիններիս հետ գտնվում են քննարկման փուլում: