Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

էներգետիկա - Հիդրոէներգետիկա

Հիդրոէներգետիկա

ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱ

 

Հայաստանում գործնականում չկան էներգետիկ հանածոներ և էլեկտրաէներգիայի սեփական աղբյուրներից են համարվում ջրային էներգապաշարները:

            Հայաստանի գետերը պատկանում են Կասպից ծովի ավազանին՝ բոլորն էլ հիմնականում Կուր գետի տարբեր կարգի վտակներն են: Դրանցից միայն առանձնանում են Սևանա լիճ թափվող գետերը, որոնք այստեղ են հոսում լիճը եզերող լեռնալանջերից: Հայաստանի տարածքի 73.5%-ը Արաքս գետի ավազանն է: Հայաստանում կա ավելի քան 200 գետ և գետակ՝ յուրաքանչյուրը 10կմ և ավելի երկարությամբ: Առավելագույն էներգետիկ պոտենցիալով օժտված են Սևանից սկիզբ առնող Հրազդան, ինչպես նաև Արաքս, Որոտան և Դեբեդ գետերը:

            Հայաստանի պոտենցիալ ջրային էներգապաշարները կազմում են 21.8 մլրդ կՎտ.ժ, այդ թվում՝ խոշոր և միջին գետերինը՝18.6 մլրդ կՎտ.ժ, փոքր գետերինը՝ 3.2 մլրդ կՎտ.ժ:

            Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Հայաստանում կառուցվել և գործարկվել է 2155կՎտ գումարային հզորության 9 փոքր ՀԷԿ-եր: 1913թ. Էլեկտրաէներգիայի արտադրանքը կազմել է 5.1 մլն կՎտ.ժ:

            Հանրապետությունում հիդրոէներգետիկայի և ջրային տնտեսության օբյեկտների նախագծումն ու շինարարությունը սկսվեց 1920-ական թվականներին: 1920-30-ական թվականներին կառուցվեցին Երևանի N 1 ՀԷԿ-ը, Գյումրիի ՀԷԿ-ը և Երևանի N 2 ՀԷԿ-ը: 1927թ. սկսվեց Ձորագետի ՀԷԿ-ի շինարարությունը: ՁորաՀԷԿ-ի 7400կՎտ հզորությամբ առաջին միացքը շահագործման հանձնվեց 1932թ., մեկ տարի անց կայանն աշխատում էր լրիվ սահմանված` 22320կՎտ հզորությամբ, ըստ ջրի քանակի` տարեկան միջին 14920կՎտ հզորությամբ: Էներգետիկական հզոր բազայի ստեղծումը առավել մատչելի դարձավ Հրազդան գետի և Սևանա լճի յուրացումից:

            Հայաստանում ներկա դրությամբ վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատն օգտագործվում են հիդրոպաշարները: Ամբողջ հիդրոներուժի իրացումը հնարավոր է ապահովել` օգտագործելով գոյություն ունեցող երկու խոշոր հիդրոէլեկտրակայանների համալիրները՝ Սևան-Հրազդան ու Որոտան,  կառուցելով երեք նոր խոշոր ՀԷԿ-եր և յուրացնելով փոքր ՀԷԿ-երի ներուժը:

             Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համալիր

            Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համալիրի կազմի մեջ են մտնում յոթ ՀԷԿ-եր` Սևանի (34 ՄՎտ), Հրազդանի (81 ՄՎտ), Արգելի (224 ՄՎտ), Արզնիի (70 ՄՎտ), Քանաքեռի (102 ՄՎտ), Երևան-1-ի (44 ՄՎտ) և Երևան-3-ի (5 ՄՎտ) ՀԷԿ-երը, որոնց գումարային տեղակայված հզորությունը կազմում է 560 ՄՎտ, իսկ տարեկան նախագծային արտադրանքը՝ 2.32 մլրդ.կՎտ.ժամ: ՀԷԿ-երը գտնվում են Հրազդան գետի վրա և ներկայումս օգտագործում են Սևանից հոսող ոռոգման և Հրազդան գետի վտակների ջրերը:

             Որոտանի ՀԷԿ-երի համալիր

            Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգը բաղկացած է 4 էլեկտրակայաններից, որոնք տեղաբաշխված են Որոտան գետի վրա, Սյունիքի մարզի տարածքում եւ օգտագործում են ինչպես գետի հունի, այնպես էլ վտակների ջրերը: Հիդրոէլեկտրակայանների համակարգը կազմված է` Սպանդարյան (76 ՄՎտ), Շամբ (171 ՄՎտ) և Տաթև (157.2 ՄՎտ) ՀԷԿ-րից, որոնց գումարային տեղակայված հզորությունը կազմում է 404.2 ՄՎտ, տարեկան նախագծային արտադրանքը՝ 1.16 մլրդ կՎտ.ժամ:

 

Հայաստանի փոքր ՀԷԿ-երը

Հայաստանում փոքր ՀԷԿ-երի (ՓՀԷԿ) կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն:

Հանրապետությունում նախագծվող, կառուցվող և շահագործվող ՓՀԷԿ-երի մեծամասնությունը հանդիսանում է բնական ջրահոսքերի վրա տեղակայված դերիվացիոն տիպի կայաններ:

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ էլ. էներգիա են արտադրել 178 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 328 ՄՎտ, իսկ Էլեկտրական էներգիայի փաստացի միջին տարեկան օգտակար առաքումը՝ 880 մլն.կվտժ: 2016թ. էլ. էներգիայի արտադրությունը փոքր ՀԷԿ-րի կողմից կազմել է շուրջ 957 մլն.կվտժ, որը Հայաստանում արտադրված ամբողջ էլ. էներգիայի (7315 մլն.կվտժ) մոտ 13% է:

Ըստ տրամադրված լիցենզիաների 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցման փուլում են գտնվում ևս 39 ՓՀԷԿ, նախագծային մոտ 74 ՄՎտ գումարային հզորությամբ և 260 մլն.կվտժ էլ. էներգիայի տարեկան արտադրությամբ:

 

Ամփոփելով օրենսդրական ակտերը՝ անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված են բազմաթիվ մեխանիզմներ խթանելու վերականգնվող էներգետիկ աղբյուրների օգտագործումը՝ օրինակ.

            2001 թվականի մարտի 7-ին ընդունված «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի համաձայն` տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից և էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրակայանների կողմից քսան տարվա ընթացքում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով:

            Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ տարածքում վերականգնվող էներգետիկ աղբյուրների կիրառմամբ արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկման մեթոդիկան, ըստ որի տարեկան կտրվածքով սահմանվում է սակագին նաև հիդրոներգետիկայի համար: Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 25-ի թիվ 128-Ն որոշման 2016 թվականի հուլիսի 1-ից մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը կազմում է՝ 23.753 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ, ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 15.832 դրամ/կՎտժ առանց ԱԱՀ, խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 10.556 դրամ/կՎտժ: Վերոնշյալ մեթոդիկայի համաձայն յուրաքանչյուր տարեվերջին ինդեքսավորվում է հիդրոներգետիկայի սակագինը՝ կախված դոլարի համեմատ ՀՀ դրամի տատանումներից, որոշակի ժամանակահատվածի համար և կախված Հայաստանում սպառողական գների փոփոխությունից: Այդ սակագինը սահմանվում և վերանայվում է ըստ հանձաժողովի կողմից 2015 թվականի ապրիլի 22-ի թիվ 88-Ն որոշմամբ ընդունված հստակ մեթոդիկայի: