Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Ծրագրեր - Ներդրումային ծրագրեր - Հիդրոէներգետիկա

Հիդրոէներգետիկա

Հայաստանի ՀԷԿ-երը

   Ներկա դրությամբ վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատն օգտագործվում են հիդրոպաշարները: Ամբողջ հիդրոներուժի իրացումը հնարավոր է ապահովել` օգտագործելով գոյություն ունեցող երկու խոշոր Սևան-Հրազդանի ու Որոտանի հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) համալիրները, կառուցելով երեք նոր միջին հզորության ՀԷԿ-եր և յուրացնելով փոքր ՀԷԿ-երի ներուժը: Ներկայումս էներգետիկ նպատակներով խոշոր գետերից մնում են չօգտագործված Դեբեդ գետը իր Ձորագետ վտակով և Արաքս գետը: 

      Նախատեսվում է կառուցել.

-Մեղրիի ՀԷԿ-ը (մոտ 100 ՄՎտ հզորությամբ և մինչև 800 մլն.կվտժ էլ.էներգիայի տարեկան արտադրությամբ)` Արաքս գետի վրա,

-Շնողի ՀԷԿ-ը (մոտ 75 ՄՎտ հզորությամբ և 300 մլն.կվտժ էլ. Էներգիայի տարեկան արտադրությամբ)` Դեբեդ գետի վրա,

-Լոռիբերդի ՀԷԿ-ը (մոտ 66 ՄՎտ. հզորությամբ և շուրջ 200 մլն. կվտժ էլ.էներգիայի տարեկան արտադրությամբ)` Ձորագետ գետի վրա:

 

Ներդրումների համար առաջարկվող ծրագրեր

 

Ծրագիր – 1

 

Լոռիբերդ ՀԷԿ 

    Հայաստանի հիդրոէներգետիկայի զարգացման համար կարևոր նշանակություն ունի Լոռիբերդ ՀԷԿ-ի կառուցումը Ձորագետի վրա (մոտ 66 ՄՎտ. տեղակայված հզորությամբ և շուրջ 200 մլն.կՎտժ էլեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրությամբ): 2003-2004թթ. Fichtner ընկերությունը այդ կայանի համար պատրաստել է տեխնիկատնտեսական հիմնավորում (ՏՏՀ): 2007թ. փետրվարին նույն ընկերությունը իրականացրել է գների հաշվարկի նորացում: Գնային աճը հիմնականում պայմանավորված է սարքավորումների գների աճի հետ:

         Լոռիբերդ ՀԷԿ-ը կառուցվելու է Հայաստանի հյուսիսային մասում, որտեղ առկա չեն նշանակալի արտադրող հզորություններ, և դրանով իսկ ծառայելու է ինչպես Հայաստանի հյուսիսային տարածքների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, այնպես էլ ապագայում Հայաստանի ու Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովմանը:

     Լոռիբերդ ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ֆինանսական միջոցներ ներգրավելու տարբերակով:

 

Լոռիբերդ ՀԷԿ-ի ցուցանիշները. 

-Հաշվարկային ճնշումը - 343 մ (ներառյալ ՕԿՋ*) - 311.75 մ (առանց ՕկՋ)

-Հաշվարկային ելք - 25 մ3/վրկ (ներառյալ ՕԿՋ) - 20 մ3/վրկ (առանց ՕԿՋ)

-Հաշվարկային հզորություն - 65.3 ՄՎտ (ներառյալ ՕԿՋ) - 54.3 ՄՎտ (առանց ՕԿՋ)

-Միջին տարեկան արտադրանք մլն.կՎտժ - 202.9 մլն.կՎտժ (ներառյալ ՕԿՋ) - 208.39 մլն.կՎտժ (առանց ՕԿՋ)

*ՕԿՋ- օրական կարգավորման ջրավազան

Լոռիբերդ ՀԷԿի կառուցման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական հիմնավորումները

 բեռնել այստեղ (անգլերեն տարբերակ):

 

Ծրագիր - 2 

 

Շնող ՀԷԿ

     Հայհիդրոէներգանախագիծ ինստիտուտի կողմից 1966թ. կատարվել է տեխնիկական նախագիծը, որը ճշտվել է 1993թ: Ձորագետի վտակ Չքնաղ գետի վրա նախատեսվում էր կառուցել Արմանիսի ջրամբարը` 130 մլն.մ3 ծավալով, որը հնարավորություն կտար կառուցել 124 ՄՎտ հզորությամբ կայան և արտադրել տարեկան 460 մլն. կվտժ էլ. էներգիա:

         Շնողի ՀԷԿ-ի գլխամասային հանգույցը կառուցվելու է`Ձորագետ և Փամբակ գետերի միավորումից հետո Դեբեդ գետի սկզբնամասում: Նախատեսվում է Շնող ՀԷԿ-ի դերիվացիայի վրա ուղղել Մարց և Կիստում վտակների հոսքերը:

     Շնողի ՀԷԿ-ը, առանց Արմանիսի ջրամբարի կառուցման, բնութագրվում է հետևյալ ցուցանիշներով`

-Դեբեդ գետի ջրավազանը - 4080 կմ2

-Հաշվարկային ճնշումը -247.3 մ

-Հաշվարկային ելք -37 մ3/վրկ

-Հաշվարկային հզորություն -76 ՄՎտ

-Միջին տարեկան արտադրանք -291.4 մլն.կվտժ

-Դերիվացիայի երկարություն -22 կմ

-Oրվա կարգավորման ջրամբար -450 ՕԿՋ հազ.մ3

 

Նախնական Տեխնիկատնտեսական հիմնավորումը բեռնել այստեղ (անգլերեն տարբերակ):

 

2017թ. օգոստոսի 10-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում՝ Լոռու մարզում, 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության, «Դեբեդ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև կնքվող շրջանակային համաձայնագրին հավանություն տալու մասին» N 973-Ա որոշումը: Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի դուստր ձեռնարկություն հանդիսացող «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի և խոշոր թունելների հորատման միջազգային մեծ փորձ ունեցող ամերիկյան «Ռոբինս» ընկերության միջև:

Ամերիկյան ընկերությունը ներդրում կկատարի «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ կանոնադրական կապիտալում՝ տրամադրելով «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով նախատեսված 22 կմ երկարությամբ ջրատար թունելի հորատման մեքենա՝ ապահովելով մեքենայի շահագործման համար տեղական կադրերի վերապատրաստման աշխատանքները, ինչպես նաև՝ ցուցաբերելով տեխնիկական աջակցություն թունելի հորատման ողջ ընթացքում»։

Կողմերը դիտարկում են նաև այլ ներդրողների մասնակցությունը ծրագրին:

«Շնող» ՀԷԿ-ի ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 150-190 մլն դոլար։

 

Ծրագիր – 3

 

 Մեղրի ՀԷԿ

 

           Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) աշխատանքները կատարել է իրանական «Մահաբ-Ղոդս» խորհրդատվական ընկերությունը` Իրանի ջրային և էներգետիկ զարգացման ընկերության պատվերով: ՏՏՀ-ի մշակման աշխատանքները համակարգվել և վերահսկվել են հայ-իրանական Համատեղ տեխնիկական կոմիտեի կողմից: Ըստ 2008թ. հաստատված ՏՏՀ-ի` Արաքս գետի վրա նախատեսվում է կառուցել երկու ՀԷԿ, Մեղրի ՀԷԿ-ը` հայկական կողմում, և Ղարաչիլար ՀԷԿ-ը` իրանական կողմում:

ՏՏՀ-ի համաձայն` Մեղրի ՀԷԿ-ի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները հետևյալն են.

 

Բնութագիր

Ցուցանիշ

Ջրի հաշվարկային ելքը

160 մ3/վ

Հաշվարկային հզորությունը

130 ՄՎտ

Էլեկտրական էներգիայի արտադրանքը

793 մլն.կվտժ/տարի

Դերիվացիայի (թունելի) երկարությունը

18200 մ

Թունելի ներքին տրամագիծը

8.5 մ

Հաշվարկային ճնշումը

90 մ

 

ՀՀ և ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում որոշում է կայացվել Մեղրի ՀԷԿ-ը և Ղարաչիլար ՀԷԿ-ը կառուցել յուրաքանչյուրը 100 ՄՎտ դրվածքային հզորությամբ, նկատի ունենալով ջրային ռեսուրսների վերաբերյալ նոր հետազոտությունների արդյունքները:

ՀՀ և ԻԻՀ կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում կողմերը դիտարկում են ներդրողներ ներգրավելու հնարավորությունը:

 

Հայաստանի փոքր ՀԷԿ-երը

 

Հայաստանում փոքր ՀԷԿ-երի (ՓՀԷԿ) կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն: Հանրապետությունում նախագծվող, կառուցվող և շահագործվող ՓՀԷԿ-երի մեծամասնությունը հանդիսանում են բնական ջրահոսքերի վրա տեղակայված դերիվացիոն տիպի կայաններ:

2018թ. հունվարի 1-ի դրությամբ էլ. էներգիա են արտադրել 184 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 353 ՄՎտ: 2017թ. էլ. էներգիայի արտադրությունը փոքր ՀԷԿ-երի կողմից կազմել է շուրջ 862 մլն. կՎտxժ, որը Հայաստանում արտադրված ամբողջ էլ. էներգիայի (7762 մլն. կՎտxժ) մոտ 11%-ն է: Ըստ տրամադրված լիցենզիաների՝ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ կառուցման փուլում են գտնվում ևս 36 ՓՀԷԿ, նախագծային մոտ 69 ՄՎտ գումարային հզորությամբ և 250 մլն. կՎտxժ էլ. էներգիայի տարեկան արտադրությամբ:

Փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման սխեման բեռնել այստեղ: