Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

30.01.2018

Երևանում տեղի կունենա էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստը

2018 թվականի հունվարի 30-31-ը Երևանում կկայանա էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով  ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստը: Նիստը հյուրընկալում է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Հայկական կողմից նիստի մասնակիցների կազմում ընդգրկված են ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Արտաքին գործերի, Բնապահպանության, Տրանսպորտի, Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների,  Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ պաշտոնատար անձինք: ԵՄ կողմից նիստին մասնակցում են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների, Էներգետիկայի, Շրջակա միջավայրի, Կլիմայի գործողությունների և Տրանսպորտի գծով Գլխավոր-տնօրինությունների համապատասխան ներկայացուցիչներ:

Այս նիստը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կանոնավոր բնույթի հերթական հանդիպումներից մեկն է, որի նպատակն է քննարկել համապատասխան ոլորտներում առկա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Նիստը կարևորվում է հատկապես նրանով, որ այն հաջորդում է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) ստորագրմանը՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Կողմերը կքննարկեն համապատասխան ոլորտներում ԵՄ նորմերին համահունչ օրենսդրության ընդունման հետ կապված Հայաստանի ծրագրերը, որոնք կբխեն ՀՀ քաղաքացիների շահերից: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տեխնիկական աջակցության և կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի միջոցով օժանդակելով համաձայնագրի իրականացմանը: