Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

16.02.2012

Նախարարը ներկայացրեց 2012թ. գերակա խնդիրները

 Նախարարը ներկայացրեց 2012թ. գերակա խնդիրները

Փետրվարի 16-ին տեղի ունեցավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մամլո ասուլիսը: 
Նախարարը ներկայացրեց 2012թվականի էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի գերակա խնդիրներն  ու կարևորագույն ծրագրերը: 
Դրանցից առաջինը, թերևս, ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության ապահովումն է:Այդ համատեքստում կարևոր է ՀԱԷԿ-ի էներգաբլոկի սթրես-թեստի անցկացումը: 

Հայաստանի Հանրապետությունը համաձայնվել է ԵՄ առաջարկին՝  անցկացնել 2-րդ էներգաբլոկի սթրես-թեստ:Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի սթրես-թեստի  բարձր մակարդակով անցկացումը հնարավորություն կտա շարունակել թիվ 2 էներգաբլոկի հետագա շահագործումը և ԵՄ-ից ստանալ համապատասխան տեխնիկական աջակցություն անվտանգության բարձրացման հարցում: Ներկայումս Հայկական ԱԷԿ-ի անձնակազմը պատրաստում է ԵՄ-ի կողմից առաջարկված սթրես-թեստի  հարցերի պատասխան-վերլուծությունը: ԵՄ-ը համաձայնվել է հայկական կողմին տրամադրել համապատասխան օգնություն՝ սթրես-թեստի հարցերի պատասխան-վերլուծություն փաստաթղթի պատրաստման հարցում: ՀՀ մասնագետները կարող են մասնակցել ԵՄ միջուկային էներգաբլոկների սթրես-թեստի  քննարկումներին: Սթրես-թեստի  հարցերի պատասխան-վերլուծություն վերջնական փաստաթուղթը կներկայացվի ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի քննարկմանը, իսկ 2012թ. 2-րդ եռամսյակում այն պետք է ներկայացվի ԵՄ մասնագետների քննարկմանը: Համաձայն ԵՄ-ի կողմից սթրես-թեստի  հարցերի պատասխան - վերլուծություն փաստաթղթի վերաբերյալ արված դիտողություններին և առաջարկություններին՝ ՀԱԷԿ-ի կողմից կմշակվի միջոցառումների իրականացման պլան- ժամանակացույց, որը կհաստատվի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից:

2012 թվականի գերակա խնդիրներից նախարար Արմեն Մովսիսյանը կարևորեց նաև  «Երևանի ՋԷԿ»  ՓԲԸ-ի  հին հզորությունների վերազինման ծրագիրը: Այն  ենթադրում է ՋԷԿ-ի հին  էներգաբլոկների վերազինում ու շահագործում՝ ջուր-ածխային վառելիքի հենքի վրա` էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով:

Ժամանակակից տեխնոլոգիաներով  ջուր-ածխային վառելիքի օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը կարևոր է տնտեսության համար, քանի որ դրա  արդյունավետությունը ավելի բարձր է ածխի այրման ավանդական տեխնոլոգիաներից: «Երևանի ՋԷԿ»  ՓԲԸ  հին հզորությունները ներկայումս չեն օգտագործվում՝ ցածր արդյունավետության և  էլեկտրաէներգիայի արտադրության մեծ ծախսատարության պատճառով: Ջուր-ածխային վառելիքով աշխատելու նոր տեխնոլոգիայի կիրառումը հնարավորություն կտա բարձր արդյունավետությամբ շարունակելու օգտագործել և՛արտադրության հզորությունները, և՛ Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ածխի պաշարները:

Նախարար Արմեն Մովսիսյանը  2012 թվականի գերակա խնդիրներից  նշեց նաև ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի կիրարկումն ապահովող իրավական ակտերի նախագծերի մշակման, ինչպես նաև  հանքավայրերի շահագործման և օգտակար հանածոների երևակումների երկրաբանական ուսումնասիրություններին ներկայացվող միջազգային չափորոշիչներին համապատասխան, համահունչ պահանջներով տեխնիկական կանոնակարգերի մշակման անհրաժեշտությունը:

Նախարարը կարևորեց նաև ընդերքի ոլորտում հողօգտագործման գործընթացի կարգավորման, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ հաշվեկշռի մշակման մեթոդիկայի ներդրման գործընթացները: