Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

14.11.2014

Էներգախնայողության ծրագրեր՝ քրեակատարողական հիմնարկներում

  Նոյեմբերի 14-ին, ՀՀ կառավարությունում, արդարադատության նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷՀ) միջև ստորագրվել է էներգախնայողության ծրագրի վերաբերյալ համաձայնագիր: Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, պաշտոնատար այլ անձինք: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը:

  Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է 10 քրեակատարողական հաստատություններում իրականացնել էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ: Մասնավորապես նախատեսվում է իրականացնել պատուհանների և դռների փոխարինում, կենցաղային տաք ջրի ապահովում՝ արևային ջրատաքացուցիչների միջոցով, պատերի և ծածկի ջերմամեկուսացում, գազատարների կառուցում, կաթսայատների կառուցում և վերազինում, ներքին և արտաքին ջերմային ցանցերի կառուցում, արտաքին լուսատուների փոխարինում էներգաարդյունավետ լուսատուներով և այլն:

  Նախագծի ֆինանսավորումը կատարվելու է Հիմնադրամի կողմից կառավարվող պետական շրջանառու միջոցների հաշվին:

  -Հայաստանն այսօր ունի բավական հավասարակշիռ և կայուն էներգետիկ համակարգ: Սակայն մենք պետք է հիշենք, որ որոշակի կախվածության մեջ ենք ներկրվող էներգետիկ ռեսուրսներից: Հետևաբար առաջնային խնդիր է նվազեցնել այդ կախվածությունը՝ հնարավորինս իրացնելով մեր սեփական ռեսուրսները: Այդ ռեսուրսներից են ոչ միայն ջուրը, քամին և արևը, այլև խնայված էներգիան,- ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: -Այս ծրագրի նպատակն է նվազեցնել էներգետիկ ծախսերը՝ ապահովելով նաև բարելավված հարմարավետություն: Թեպետ ծրագիրն իրականացվում է պետական հատվածում, սակայն օրինակելի փորձը մեծացրել է նաև մասնավորի հետաքրքրությունն այս ոլորտում:

  Նախարար Երվանդ Զախարյանը ողջունել է ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությունը՝ իրականացնել էներգախնայողության ծրագիր քրեակատարողական հիմնարկներում:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի խոսքով քրեական պատիժների կատարման ոլորտում արդարադատության նախարարության կարևորագույն գործառույթներից է քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների կեցության համար բարենպաստ պայմանների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում աշխատողների համար բարենպաստ աշխատանքային պայմանների ապահովումը:

    -Էներգախնայողության միջոցառումների իրականացման արդյունքում ոչ միայն կնվազեն պետական բյուջեից ֆինանսավորվող քրեակատարողական հիմնարկների էներգետիկ ծախսերը, այլև կբարելավվեն ազատազրկված անձանց, այդ թվում կանանց, անչափահասների կենսապայմանները, հիվանդանոցային պայմանները, քրեակատարողական աշխատողների աշխատանքային պայմանները, կբարձրանա ջերմային և հիգիենիկ հարմարավետության մակարդակը, կնվազեն ածխածնի երկօքսիդի արտանետումները և, ըստ այդմ, կնվազի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը,- ասել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
       10 քրեակատարողական հաստատություններում էներգախնայողական միջոցառումների իրականացման համար նախատեսվում է կատարել մոտ 1,6 միլիարդ դրամի ներդրումներ, որի արդյունքում ակնկալվում է տարեկան մոտ 7000 կՎտժ էներգիայի խնայողություն, մոտ 300 մլն դրամ դրամական արտահայտությամբ, ինչ իր հերթին կբերի տարեկան 1600 տոննա ածխածնի երկօքսիդի արտանետումների նվազեցման: Այդ խնայված միջոցների հաշվին հետագայում կվերադարձվեն Հիմնադրամի կողմից կատարված ներդրումները: