Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

09.02.2016

Կընդլայնվի SCADA համակարգը

   Ասիական զարգացման բանկի միջոցով իրականացվող էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել կառավարման ավտոմատացված ու տվյալների հավաքագրման (SCADA) համակարգը։  Այդ նպատակով ԱԶԲ-ն Հայաստանին տրամադրել է 13,6 մլն դոլար երկարաժամկետ վարկ, որի մարման ժամկետը սահմանված է 25 տարի։ Ընդ որում, առաջին հինգ տարին արտոնյալ ժամանակահատվածն է։  

    Ծրագրի իրականացման կառավարության համաֆինանսավորումը կկազմի 2,5 մլն դոլար։  

   Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ SCADA համակարգը Հայաստանում արդեն իսկ ներդրվել է։ Սակայն դրա լիարժեք և արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է համակարգի ընդլայնում և արդիականացում։  

   Նախատեսվող 16,1 մլն դոլարի շրջանակներում կառավարման ավտոմատացված և տվյալների հավաքագրման համակարգի արդիականացումից բացի, կիրականացվի շուրջ 200 կմ օպտիկական մանրաթելային մալուխի տեղադրում։ Այն թույլ կտա զգալիորեն ավելացնել համակարգից օգտվողների քանակը՝ ներառելով տարբեր ենթակայաններ և Ազգային կարգավորման կենտրոնը։

     Ծրագրի շրջանակներում կարդիականացվի գոյություն ունեցող ծրագրային փաթեթը և կստեղծվի հնարավորություն՝ հարևան երկրների SCADA համակարգերի հետ տվյալների միջսերվերային փոխանակման համար։  

   Հայտարարված միջազգային մրցույթի արդյունքում արդեն իսկ ընտրվել է ծրագրի իրականացման խորհրդատու կազմակերպություն՝ ի դեմս Lahmeyer GmbH և Energy Division CESI S.P.A. համատեղ ձեռնարկության։ Ենթախորհրդատու է հանդիսանում «ԱՄԵՐԻԱ» ՓԲԸ-ն։ 

    Անցած տարվա վերջին հայտարարվեց միջազգային մրցույթ նաև կապալառու կազմակերպության ընտրության համար։ Ներկայումս ընթացում է մրցույթի արդյունքների ամփոփման գործընթացը։ 

    Հաղթող կազմակերպության ընտրությունից հետո կկնքվի պայմանագիր և կսկսվի ծրագրի իրականացումը, որը նախատեսվում է ավարտել 2018թ. վերջին։  

   Ծրագրի նպատակն է՝ բարձրացնել ստացվող տվյալների ճշգրտությունը, էներգահամակարգի կարգավարման հուսալիությունը, Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի տեխնիկական, ֆինանսական և գործառնական կարողությունները, ինչը կնպաստի էներգահամակարգի հուսալի աշխատանքին, կորուստների նվազեցմանը, անխափան էլեկտրամատակարարմանը: